Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1072-ի, վիրավորվել է 2966 մարդ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 33 լիբանանցի, ևս 90-ը վիրավորվել է։
Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 1 049 328 մարդ լքել է պատերազմական գոտին, նրանք հիմնականում կենտրոնացել են Բեյրութում։
Ըստ Reuters-ի՝ Իսրայելը պլանավորում է գրավել հարավային Լիբանանի տարածքը՝ «պաշտպանական բուֆերային գոտի» ստեղծելու համար։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական ուժերը «կվերահսկեն մնացած կամուրջները և անվտանգության գոտին մինչև Լիտանի գետը», որը գտնվում է Իսրայելի սահմանից մոտ 30 կմ հյուսիս։ Գործակալությունը նշում է, որ մարտի 13-ից ի վեր՝ Իսրայելը ոչնչացրել է գետի վրայով անցնող հինգ կամուրջ և արագացրել է սահմանի մոտ գտնվող լիբանանյան գյուղերում տների քանդումը։
Մարտի 23-ին Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել էր, որ երկիրը պետք է միացնի հարավային Լիբանանը մինչև Լիտանի գետը։ Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել էր, որ կպայքարի՝ իսրայելական ուժերի կողմից հարավային Լիբանանի գրավումը կանխելու համար և նման գործողություններն անվանել էր «գոյության սպառնալիք» լիբանանյան պետության համար։
Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին մարտի 2-ից՝ հայտարարելով, թե դա պատասխան է Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման կողմից Հայֆայում գտնվող ռազմական բազայի վրա հարձակման: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների շտաբ-բնակարանը նույնպես հրթիռային հարվածի էր ենթարկվել: Մարտի 3-ից Իսրայելն սկսել էր սահմանափակ ցամաքային ներխուժում Լիբանանի հարավ, որը հետագա օրերին ավելի էր ընդլայնվել։
Լիբանանում իրավիճակի սրացումը մի կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Իրանի միջև ավելի լայն հակամարտության մի մասն է:





































