Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության վերաբերյալ։
Ըստ ՔԿ-ի՝ հայտարարության վերաբերյալ ՀՀ ՆԳՆ-ից ստացված հանցագործության մասին հաղորդման համաձայն՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող որոշ կուսակցությունների ղեկավարների, պատասխանատուների կամ այլ դերակատարների կողմից, նյութապես շահագրգռելու եղանակով, խոչընդոտվում է անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը։
Քրեական վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի ( ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը, առավելագույն պատիժը՝ 6 տարվա ազատազրկում) և նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն, առավելագույն պատիժը՝ 8 տարվա ազատազրկում) հատկանիշներով:
ՔԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ այլ երկրի խոշոր գործարարներ, հայկական համայնքի ղեկավար անձինք, քրեական հեղինակություններ, ճնշում են գործադրում հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու այլ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով կուսակցությունների ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն՝ խոստանալով փոխհատուցել ծախսերը:
ԱՀԿ-ն մարտի 10-ին հայտարարություն էր տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ ՔԿ-ն հայտարարել էր,որ ուսումնասիրում է ՆԳՆ ներկայացրած հաղորդումը։




































