ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են ռազմական գործողությունների ավելի ուշ փուլում Իրան հատուկջոկատայիններ ուղարկելու հարցը՝ հարստացված ուրանի պաշարները առգրավելու համար, հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այս պահին հայտնի չէ՝ դա կլինի ամերիկյա՞ն, իսրայելակա՞ն, թե՞ համատեղ առաքելություն, հայտնել են կայքի աղբյուրները։
Axios-ի զրուցակիցները ենթադրել են, որ գործողությունը կարող են սկսել այն բանից հետո, երբ երկու երկրները համոզվեն, որ իրանական զինված ուժերն այլևս չեն կարող լուրջ սպառնալիք ներկայացնել։
ԱՄՆ ներկայացուցչի խոսքով՝ Սպիտակ տանը քննարկել են երկու տարբերակ՝ հարստացված ուրանի ամբողջական դուրսբերում Իրանից կամ միջուկային էներգետիկայի փորձագետների ներգրավում՝ այն տեղում նոսրացնելու համար։
Axios-ը գրում է, որ առաքելությանը կարող են մասնակցել մասնագետ-օպերատորներ, ինչպես նաև գիտնականներ ՄԱԳԱՏԷ-ից։
Կայքի աղբյուրները նաև հայտնել են, որ ԱՄՆ վարչակազմը քննարկել է իրանական Խարկ կղզու զավթման հնարավորությունը, որտեղ գտնվում է նավթային տերմինալը, որի միջոցով Իրանն իրականացնում է իր նավթի արտահանման մոտ 90%-ը։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են։
Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակելով իրենց ագրեսիան՝ հարձակում են իրականացրել Նաթանզի միջուկային օբյեկտի վրա՝ խախտելով միջազգային իրավունքը։





































