Դուբայի միջազգային օդանավակայանը (DXB) դադարեցրել էր գործունեությունն իրանական անօդաչու թռչող սարքի խոցումից և պայթյունից հետո: Emirates Airlines-ը և ԱՄԷ իշխանությունները մարտի 7-ին հայտարարել էին բոլոր չվերթերի դադարեցման մասին՝ հակաօդային պաշտպանության գործողությունների պատճառով։ Որոշ ժամանակ անց թռիչքները վերսկսվել են։
AFP-ի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը կործանվել էր օդանավակայանի տարածքում։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել էր առցանց, որտեղ, ենթադրաբար, երևում է այն պահը, երբ ԱԹՍ-ն հարվածել է օդանավակայանի տարածքին։ Ականատեսների վկայությամբ՝ լսվել է պայթյունի ձայն, որին հաջորդել է ծխի ամպ։
Flightradar24-ի տվյալները ցույց են տալիս, որ ինքնաթիռները պտտվել են օդանավակայանի շուրջ՝ ենթադրաբար սպասելով վայրէջքի թույլտվության: «Զվարթնոց» օդանավակայանի առցանց ժամանակացույցի համաձայն՝ չեղարկվել է Երևանից դեպի Դուբայ 2 չվերթ, ինչպես նաև Շարժա և Աբու Դաբի չվերթերը:
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգված FlyDubai ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը նախատեսված է ժամը 15:00-ին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ այս պահին Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կապ է հաստատել թռիչքի համար գրանցված ՀՀ 4 քաղաքացի (Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կոնտակտային տվյալ. +971585670993)
«ԱԳՆ կապի մեջ է ավիաընկերության ներկայացուցիչների հետ. այս պահին նախատեսվում է, որ թռիչքը կիրականացվի տեղի ժամանակով 15:00-ին: Խնդրում ենք հետևել ավիաընկերության կողմից թարմացվող տեղեկություններին»,- ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունից հիշեցնում են, որ մարտի 8-ին՝ ժամը 21:30-ին, նախատեսվում է Մասկատ-Երևան թռիչք, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվում է ԱՄԷ-ից Օմանի օդանավակայան անվճար տեղափոխում։
Մարտի 6-ին ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը դիմել է Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացի, որոնցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 8 օր։





































