Եթե հաստատվի, որ Հորմուզի նեղուցը փակվել է, կամ շարունակվում են հարվածները նավթագազային ենթակառուցվածքների վրա, ամենամեծ ազդեցությունը կարող են կրել Ասիան և Եվրոպան, իսրայելա-ամերիկյան և Իրանի հակամարտության ֆոնին գրել է BBC-ն՝ հղում անելով արդյունաբերության վերլուծաբանների գնահատականներին։
Նշվում է, որ հատկապես մտահոգիչ է հեղուկացված բնական գազի մատակարարումը։ Կատարն ավելի վաղ հայտարարել էր, որ դադարեցրել է դրա արտադրությունը՝ Իրանի կողմից իր օբյեկտներից մեկի վրա ենթադրյալ անօդաչու սարքի հարձակման պատճառով։
«Կատարյան հեղուկ գազին փոխարինող չկա: Եթե դադարեցումը երկարաձգվի կամ, առավել ևս, ենթակառուցվածքները վնասվեն, ապա դա կնշանակի գազի շուկայի ավելի մեծ ցնցում, քան 2022 թվականին էր, երբ Ռուսաստանը դադարեցրել էր Եվրոպա խողովակաշարային գազի մատակարարումը»,- ասել է MST Financial ընկերության էներգետիկայի ավագ վերլուծաբան Սաուլ Կավոնիկը։
The Guardian-ը հավելում է՝ աշխարհի հեղուկացված բնական գազի մոտ հինգերորդն անցնում է Հորմուզի նեղուցով, իսկ Կատարն արտահանվող գազի 90%-ը տեղափոխում է այդ նեղ հատվածով, որը գտնվում է Օմանի և Իրանի միջև։ Ծովային այդ ճանապարհն ամենանեղ հատվածում ընդամենը 32 կմ լայնությամբ, անխուսափելի անցակետ է, որով աշխարհի նավթի մոտ 20%-ը դուրս է գալիս դեպի Հնդկական օվկիանոս և այնտեղից՝ աշխարհի մյուս հատվածներ։
Փորձագետների խոսքով՝ Ասիայում առավել խոցելի երկրների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Թայվանը և Հարավային Կորեան։
Թեև Իրանը պաշտոնապես չի փակել նեղուցը, նավթային և նավագնացության ընկերությունների, ինչպես նաև նրանց ապահովագրողների շրջանում տիրող լարվածությունն այն աստիճան մեծ է, որ երթևեկությունը գրեթե կանգ է առել, հավելել է պարբերականը: Իրանը մարտի 2-ին հայտարարել էր, որ «կայրի ցանկացած նավ», որը կփորձի անցնել Հորմուզով։
Ծովային երթևեկության վիզուալիզացիան ցույց է տալիս, որ նավերի հոսքն աստիճանաբար նվազել է, երկու կողմում կուտակվել են տանկերներ, որոնք խարիսխ են նետել՝ սպասելով զարգացումների։
Լոնդոնում տեղակայված նավագնացության վերլուծական Lloyd’s List պարբերականի տվյալներով՝ նեղուցով անցնող բեռնանավերի թիվն օրական ավելի քան 50-ից կրճատվել է 7-ի։
Ստեղծված քաոսի պայմաններում շաբաթվա վերջին նավթի մեկ բարելի գինն աճել էր ավելի քան 10%-ով՝ անցնելով 80 դոլարը, ապա փոքր-ինչ նվազել, հավելել է The Guradian-ը: Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ երկարատև հակամարտության դեպքում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը կարող է բարձրանալ մինչև 100 դոլար։
City Index ընկերության ավագ շուկայի վերլուծաբան Ֆիոնա Չինկոտան նշել է, որ մատակարարման վերաբերյալ մտահոգությունների պատճառով ԱՄՆ հում նավթի գինը կարող է հասնել 90 դոլարի, եթե նեղուցով երթևեկությունը չվերականգնվի։
Նավթի հոսքերը կարող են է՛լ ավելի սահմանափակվել տարածաշրջանում արդյունահանման և վերամշակման օբյեկտների վրա կողմերի հարձակումների հետևանքով․ Թեհրանը մի շարք հարվածներով թիրախավորել է ԱՄՆ դաշնակիցների ենթակառուցվածքները։
Սաուդյան Արաբիայի պետական նավթային Aramco ընկերությունը մարտի 1-ի վաղ առավոտյան փակել էր երկրի արևելյան ափին գտնվող Ras Tanura նավթավերամշակման գործարանը, որն օրական մշակում է մոտ 550 հազար բարել, երբ իրանական անօդաչուների խոցման արդյունքում ընկած բեկորները հարվածել էին օբյեկտին։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։































