Իրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Միացյալ Նահանգների հետ հնարավորինս շուտ համաձայնագիր կնքելու համար և բարի կամքով է մոտենում Ժնևում կայանալիք բանակցություններին, Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչիի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
«Պատրաստ ենք հնարավորինս շուտ համաձայնության գալ։ Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է նա Ազգային հանրային ռադիոյի եթերում։
Թախտ-Ռավանչին վստահություն է հայտնել, որ գործարքը կարող է արագ կնքվել, եթե բոլոր կողմերը քաղաքական կամք ունենան։
Դիվանագետը նշել է իրանական պատվիրակության կառուցողական վերաբերմունքը միջուկային հարցի վերաբերյալ խորհրդակցությունների հաջորդ փուլից առաջ, որը նախատեսված է Շվեյցարիայում։
«Մենք կմտնենք Ժնևի բանակցային սենյակ ամենայն անկեղծությամբ և բարի կամքով։ Հույս ունենք, որ այս բարի կամքը և այս մոտեցումը կփոխադարձվեն ամերիկացիների կողմից»,- նշել է նա։
Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում: ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին՝ Ժնևում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առավելագույնը 15 օր ժամանակ էր նախատեսել Իրանի հետ պայմանավորվածության հասնելու համար:






































