ԱՄՆ արդարադատության նախարար-գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրապարակել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի ֆայլերում տեղ գտած ավելի քան 300 հայտնի գործիչների անունների ցուցակը, հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նամակում նշված են բոլոր նախկին և ներկա պաշտոնյաները կամ քաղաքական նշանակություն ունեցող անձինք, որոնց անունները գոնե մեկ անգամ հիշատակվել են Էփշտեյնի գործով ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած նյութերում: Նրանց թվում են Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը, երաժիշտներ Կուրտ Քոբեյնը և Բրյուս Սփրինգսթինը, ինչպես նաև այլ հայտնիներ:
Գլխավոր դատախազի նամակի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը հրապարակել է բոլոր «գրառումները, փաստաթղթերը, հաղորդումները և հետաքննության նյութերը», որոնք գտնվում են իր տրամադրության տակ, ներառյալ՝ մարդկանց առևտրի մասին տվյալները, փաստաթղթերը թաքցնելու փաստերը և այլն:
Էփշտեյնը կալանավորվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին: Դատախազությունը հայտարարել էր վկայությունների առկայության մասին, որ 2002-2005թթ․ նա կազմակերպել էր տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ Մանհեթենի իր տուն, որոնցից ամենափոքրը 14 տարեկան էր: Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակը ներառում էր մեծ թվով գործող և պաշտոնաթող պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև շատ այլ երկրներում, խոշոր ձեռնարկատերեր և շոու բիզնեսի աստղեր: ԱՄՆ-ում ֆինանսիստի քրեական հետապնդումը դադարեցվել էր 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպանությունից հետո:






































