«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Վարչաբենդ»-ի՝ հունվարի 30-ին «Պալլադիում հոլլ»-ում կայացած համերգի համար ծախսել է ընդհանուր 8,5 միլիոն դրամ, հայտնել է կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան։
Armenia Today-ի ավելի վաղ արված հարցմանն ի պատասխան՝ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հայտնել էր, որ երեկույթի համար ՀՀ վարչապետի աշխատակազմը գումար չի ծախսել։
Ըստ Ալեքսանյանի ներկայացրած տվյալների՝ ֆինանսական հատկացումների հիմնական մասնաբաժինը՝ 4,9 միլիոն դրամ, ուղղվել է բրենդավորմանը, ձևավորմանը, ատրիբուտիկայի գնումներին։ Տարածքի վարձակալությունը կազմել է 2,5 միլիոն դրամ։ Գործիքավորման, երաժիշտների և դիջեյի վարձատրության համար՝ 1,1 միլիոն դրամ է հատկացվել, ասված է պատասխան նամակում։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «Վարչաբենդին» և պատմել, որ 2025 թվականին հարվածային գործիքների ուսուցման մեկամյա դասընթացի 250 դոլար արժողությամբ նվեր քարտ էր ստացել և առցանց տարբերակով սովորում է նվագել։
«Օնլայն վճարովի պլատֆորմ կա, որտեղ մի շատ տաղանդավոր երաժիշտ, շատ տաղանդավոր ուսուցիչ դասավանդում է: Ենթադրում եմ՝ ինքը չգիտի, որ ես մասնակցում եմ այդ դասընթացներին կամ, չգիտեմ, գուցե՝ գիտի: Օնլայն պլատֆորմ է, վճարովի։ Նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող եմ կիսվել, որովհետև ես ավելի շատ հիացած եմ այդ մարդով և իր կատարած աշխատանքով, թե ինչպես կարող է զրոյից ուղղակի մարդու ձեռից բռնած ուղեկցել և հարվածային գործիքներ նվագել սովորեցնել»,- պատմել է նա։
Փաշինյանը 2025 թվականի դեկտեմբերին ռիլեր էր հրապարակել, որտեղ նվագում է հարվածային գործիքների վրա, որից հետո հայտարարել էր իր բենդն ստեղծելու մասին՝ «Վարչաբենդ» անունով։ Այնուհետև նա թողարկել էր «Իրական Հայաստան» վերնագրով երգ՝ իր գրած բառերի հիման վրա և հրավիրել իր կողմից կազմակերպած դիսկոտեկին, որին մասնակցելու համար հատուկ թույլտվություն էր պետք։






































