ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՔԿ-ն իբրև մեղադրյալ է ներգրավվել քրեական գործում և որպես խափանման միջոց կիրառել չբացակայելու արգելքը, լրագրողներին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նա մանրամասնել է, որ պարտավորվել են չհրապարկել քրեական հետապնդման գործով փաստերը։
«Առանց մեկնաբանելու էլ պարզ է, թե ինչ դատական ակտի մասին է խոսքը։ Սա Եպիսկոպոսաց ժողովը տապալելու հերթական փորձն է, որովհետև Գերագույն խորհրդի անդամներին արգելելու են լքել ՀՀ-ն»,- նշել է փաստաբանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի տվյալներով՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի Քննչական կոմիտե են հրավիրել որպես մեղադրյալ։ Նրա խոսքով՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դե ֆակտո որպես մեղադրյալ են դիտարկում և ժամանակի հարց է, թե երբ դա կձևակերպեն։
Այսօր ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ առավոտվանից Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամները որպես մեղադրյալ հրավիրվում են Քննչական կոմիտե։
Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին։ Մայր Աթոռից հունվարի 19-ին փոխանցել էին, որ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ՝ Ազգային-եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր կան ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում:
Պաշտոնական Էջմիածինը բազմիցս կոչ է արել «բարենորոգման խորհրդի» անդամ հոգևորականներին վերադառնալ կանոնական դաշտ և խնդիրները լուծել Հայ Առաքելական եկեղեցու ներսում: Վարչապետին միացած եպիսկոպոսները հունվարի 21-ին կոչ էին արել չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը՝ հրաժարվելով մասնակցելուց։
Քննչական կոմիտեն կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) մասին դատական ակտը չկատարելու և կարգալույծ հայտարարելու հիմքով քրեական վարույթ էր նախաձեռնել։




























