Եվրամիությունն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալյասը Եվրոպայի՝ Արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր վճռական քայլ են ձեռնարկել՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչելով որպես ահաբեկչական կազմակերպություն»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ հավելելով, որ «ռեժիմը, որն սպանում է իր հազարավոր քաղաքացիների, աշխատում է սեփական կործանման ուղղությամբ»։
Նիստի ժամանակ նախարարները նաև հաստատել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները՝ ավելացնելով 15 իրանցի անվտանգության և արդարադատության պաշտոնյաների, ինչպես նաև 6 կազմակերպության։
Կալլասը նշել է, որ միջոցառումներն ուղղված են երկրում բողոքի ցույցերի դաժան ճնշմանը մասնակցող անհատների և կազմակերպությունների դեմ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ որոշումն անվանել է «մեծ ռազմավարական սխալ»։
«Ներկայումս մի քանի երկիր փորձում է կանխել մեր տարածաշրջանում լայնածավալ պատերազմը։ Դրանցից ոչ մեկը եվրոպական չէ։ Ընդհակառակը, Եվրոպան զբաղված է կրակը բորբոքելով»,- գրել է նա X-ում։
Իրանում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում 2025 թվականի դեկտեմբերի վերջից՝ տիրող տնտեսական իրավիճակից դժգոհության պատճառով: Թեհրանն անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրել էր ԱՄՆ-ին և Իսրայելին:
Պաշտոնական տվյալներով՝ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է ավելի քան 3000 մարդ։ Time ամսագիրը, հղում անելով Առողջապահության նախարարության երկու պաշտոնյայի, հայտնել էր 30 000 զոհի մասին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում է։ Դրա առաքելությունն է պաշտպանել Իսլամական հեղափոխության սկզբունքներն ու նվաճումներն արտաքին և ներքին սպառնալիքներից։ ԻՀՊԿ-ն արդեն իսկ ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն Միացյալ Նահանգների, Ավստրալիայի և Կանադայի կողմից։






































