Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում, Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ այս գործընթացները կավարտվեն Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների միաժամանակյա հաստատմամբ։
Նա անդրադարձել է նաև Վրաստանի տարածքով Հայաստան բեռների փոխանցմանը և հույս հայտնել է, որ «կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով։ Այդ օրը, ըստ Ալիևի, հեռու չէ։
Ըստ Ալիևի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ցուցադրեն խաղաղ համակեցության ավելի շատ արդյունքներ, որպեսզի կարողանան նաև ցույց տալ երկու երկրների հասարակությունների լիակատար աջակցությունն այս գործընթացում։
«Ես շատ լավատես եմ, քանի որ մեր ձեռք բերածն իսկապես հսկայական օգուտներ է բերում Հայաստանին, Ադրբեջանին, ինչպես նաև Հարավային Կովկասին»,- ասել է նա։
Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին այցելել էր Հայաստան։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Քըլըչը 6-րդ հանդիպմանը վերահաստատել էին կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու հանձնառությունը։ Turkish Airlines-ը սեպտեմբերին հայտնել էր դեպի Հայաստան կանոնավոր չվերթեր սկսելու որոշման մասին:
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Երևանն ու Վաշինգտոնը հունվարի 14-ին հայտնել էին, որ մեկնարկում է TRIPP նախագիծը, որով ԱՄՆ-ն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը:





































