Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգմանը միացած քահանաների թիվը 16 է, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա «եղբայրական աջակցության խոսքեր» է փոխանցել բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։
«Քահանա հայրե՛ր, նաև Ձեր օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցին կբարենորոգվի։ Կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին և մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել և պաշտպանել բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին»,- գրել է վարչապետը։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կան կալանավորված հոգևորականներ։
Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:





































