Իրանում 9 օր շարունակվող փողոցային ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 35 մարդ, ավելի քան 1200 ցուցարար ձերբակալվել է, հայտնել է Deutsche Presse-Agentur (dpa) գործակալությունը՝ վկայակոչելով Իրանում Human Rights Activists իրավապաշտպան կազմակերպությանը և նրա HRANA մեդիացանցին։
HRANA-ի տվյալներով՝ դեկտեմբերի վերջին Իրանում բողոքի ցույցեր էին տեղի ունեցել առնվազն 88 քաղաքում կամ երկրի 31 նահանգից 27-ում: Ինչ-որ պահի իրանցի ուժայիններն սկսել են ուժ կիրառել ցուցարարների դեմ, հատկապես փոքր բնակավայրերի ակցիաների ժամանակ, գրում են իրավապաշտպանները:
Նման գործողությունները բողոքի նոր ալիք են հրահրել խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մաշհադում և Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Ցույցերին միացել են հանրապետության առնվազն 17 բուհի ուսանողներ։ Ի պատասխան, ըստ ուսանողական լրատվամիջոցների, ուժայիններն սկսել են ռեյդեր իրականացնել համալսարանի տարածքում: Ընդհանուր առմամբ՝ երկրում սկսված բողոքի ցույցերն Իրանի համար ամենազանգվածայինն են դարձել 2022 թվականից ի վեր, երբ քաղաքացիների վրդովմունքի առիթ էր դարձել 22-ամյա Մահսա Ամինիի մահը՝ «բարքերի ոստիկանության» կողմից նրան ձերբակալելուց հետո։
Իրանում զանգվածային ցույցերի ընթացքում 35 զոհվածի թվում 29-ը ցուցարար է, 4-ը՝ երեխաներ, ևս 2-ը՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ, հայտնում են իրավապաշտպանները:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ուժայինները փորձել են զենք օգտագործել Կուխդեշտում ցույցը ցրելու համար։ Ի պատասխան՝ ցուցարարներն սկսել են քարեր նետել, ինչն էլ կարող էր «Բասիջի» անդամի մահվան պատճառ դառնալ, ինչի մասին հաղորդվել էր հունվարի 1-ին:
Հունվարի 5-ին Իրանի դատական համակարգի ներկայացուցչությունը հայտարարել էր, որ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների նկատմամբ ներողամտություն չեն ցուցաբերի: Ընդ որում՝ Իրանում 2025 թվականին մահապատժի էր ենթարկվել գրեթե երկու հազար մարդ՝ երկու անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։
Ցույցերը երկրում մեկնարկել են ազգային արժույթի կտրուկ անկման պատճառով:






































