Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Գրենլանդիան գրավելու սպառնալիքները, հայտնել է BBC-ն:
«Բացարձակապես իմաստ չունի խոսել այն մասին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրավել Գրենլանդիան: ԱՄՆ-ն իրավունք չունի բռնակցել Դանիայի Թագավորության երեք մասերից ոչ մեկը»,- ասված է Դանիայի վարչապետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
Նա նշել է, որ Գրենլանդիան, որպես Դանիայի մաս, ՆԱՏՕ-ի մաս է կազմում, և նրա վրա տարածվում են Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության երաշխիքները: Ֆրեդերիկսենը հիշեցրել է, որ Դանիայի և ԱՄՆ-ի միջև գործում է պաշտպանական համաձայնագիր, որը Վաշինգտոնին լայն հասանելիություն է տալիս Գրենլանդիային:
Բացի այդ, Թագավորությունն զգալի միջոցներ է ներդրել Արկտիկայում անվտանգության ապահովման համար, հայտարարել է Դանիայի վարչապետը:
«Այդ պատճառով ԱՄՆ-ին կոչ կանեի վերջ դնել պատմականորեն մերձավոր դաշնակցի, ինչպես նաև մեկ այլ երկրի ու ժողովրդի հասցեին սպառնալիքներին, որոնք շատ հստակ հայտարարել են, որ դրանք չեն վաճառվում»,- հավելել է Ֆրեդերիկսենը:
Դանիային աջակցությամբ հանդես են եկել նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն։
Թրամփը The Atlantic-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիա կղզին ԱՄՆ-ին անհրաժեշտ է պաշտպանական նպատակների համար:




































