ԱՄՆ-ի ամբողջ տարածքում հազարավոր ավիաչվերթեր չեղարկվել կամ հետաձգվել են սպասվող ուժեղ ձմեռային փոթորկի պատճառով, հաղորդում է BBC-ն:
Ըստ FlightAware-ի թռիչքների հետագծման կայքի՝ ուրբաթ երեկոյի դրությամբ՝ ԱՄՆ-ում 1600 չվերթ չեղարկվել է, 7400-ը՝ հետաձգվել:
Առավել շատ չվերթեր չեղարկվել են Նյու Յորքի JFK միջազգային օդանավակայանում, Newark Liberty-ում և LaGuardia-ում: Տուժել են նաև Բոստոնը, Չիկագոն և Տորոնտոն (Կանադա):
Եղանակի ազգային ծառայությունը ձմեռային փոթորկի նախազգուշացում է տվել տեղական ժամանակով ժամը 16:00-ից մինչև շաբաթ օրը՝ ժամը 13:00-ն: Նյու Յորքում և Հարավային Կոնեկտիկուտում սպասվում է մինչև 23 սանտիմետր ձյուն:
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը հայտարարել է, որ մարդիկ պետք է խուսափեն ավելորդ ճանապարհորդություններից, բայց եթե ստիպված լինեն ճանապարհորդել, պետք է «նախապես պլանավորեն, ժամանակ հատկացնեն և բավականաչափ ժամանակ թողնեն, որպեսզի ապահով կերպով հասնեն այնտեղ, որտեղ հարկավոր է»:
Նմանատիպ նախազգուշացումներ են հնչել նաև Նյու Ջերսիի և Կոնեկտիկուտի նահանգապետերից։






































