Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին նախօրեին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել, NEWS.am-ին հայտնել է քահանայի եղբայրը՝ տեր Արիստակես քահանա Բաղալյանը։
«Սկզբում երկու ստենտ տեղադրեցին, հետո 72 ժամ անց, երբ վտանգավոր շրջանն անցավ, ևս երեք ստենտ տեղադրեցին։ Այս պահին առողջական վիճակը նորմալ է»,- ասել է Արիստակեսը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 18-ին վատթարացել էր Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը։ Հայր Զաքարիա վարդապետ Բաղումյանը հայտնել էր, որ Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը։
Մայր Աթոռում նույն օրը տեղի էր ունեցել հավաք՝ ի աջակցություն կաթողիկոսի, զուգահեռաբար՝ այնտեղ էին հավաքվել նաև վեհափառի դեմ արտահայտվողները: Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ժամերգության ընթացքում նշել էր, որ եկեղեցում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով: Նա հորդորել էր եկեղեցում հավաք հրավիրած եպիսկոպոսներին վերադառնալ կանոնական դաշտ:





































