ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի միջոցով հայտարարել է, որ սահմանում է Վենեսուելայի նկատմամբ ծովային շրջափակում՝ այն նավթատար տանկերների համար, որոնց վրա ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել։
«Այսօր հրաման եմ տալիս սահմանել ամբողջական և լիակատար շրջափակում բոլոր այն նավթատար տանկերների նկատմամբ, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ և շարժվում են դեպի Վենեսուելա կամ Վենեսուելայից»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։
Վենեսուելայի կառավարությունը պատասխանել է, որ Թրամփի շրջափակման վերաբերյալ որոշումը «բացարձակապես անտրամաբանական է» և խախտում է առևտրի և ծովային նավագնացության ազատությունը։
Թրամփի վարչակազմն աշնանը Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի ափերի մոտ, կենտրոնացրել էր տարածաշրջանի պատմության մեջ ամենախոշոր ռազմածովային խմբավորումը՝ իր ամենամեծ ավիակիրը։ Միաժամանակ, հայտարարվել էր, որ այդ խմբավորման նպատակը թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարն է։
Թրամփն իր գրառման մեջ նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա շրջապատին հայտարարել է «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»․ դա տեղի էր ունեցել նոյեմբերի 24-ին։





































