Ղազախստանի նոր Սահմանադրությամբ գործող նախագահ Կասիմ Ժոմարտ - Տոկաևի նախագահական ժամկետները կզրոյացվեն, հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմանը։
Ղազախստանի նոր Սահմանադրությունը, որն ընդունվել էր այս տարվա մարտի 15-ի հանրաքվեով, ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից։
Տոկաևը դիմել էր Սահմանադրական դատարան՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք կարո՞ղ է վերընտրվել նախագահի պաշտոնում, ինչին դրական պատասխան էր ստացել։
Դատարանի պարզաբանման մեջ նշվում է, որ այն անձինք, ովքեր պաշտոններ են զբաղեցնում 1995 թվականի Սահմանադրության համաձայն, նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո կարող են ընտրվել կամ նշանակվել համապատասխան պաշտոններում։
Սահմանադրական դատարանում ընդգծել են, որ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո նման անձանց նշանակումը կդիտարկվի որպես առաջին ընտրություն կամ նշանակում։
Ավելի վաղ Տոկաևի նախաձեռնությամբ Ղազախստանի օրենսդրության մեջ կատարվել էին փոփոխություններ, որոնց համաձայն՝ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը 4 տարուց դարձել էր 7։ Սահմանվել էր նաև, որ միևնույն անձը չի կարող նախագահ ընտրվել մեկից ավելի անգամ։ Այս նորմը պահպանվել է նաև երկրի նոր Սահմանադրությունում։
Տոկաևն առաջին անգամ նախագահի պաշտոնն ստանձնել էր 2019 թվականի մարտի 20-ին՝ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունների վայր դնելուց հետո։ 2019 թվականի հունիսի 9-ի նախագահական արտահերթ ընտրություններում նա ընտրվել էր նախագահ՝ ստանալով քվեների 70,96%-ը։ 2022 թվականի նոյեմբերի 20-ի արտահերթ ընտրություններում Տոկաևը վերընտրվել էր, և նախկին Սահմանադրության համաձայն՝ նրա լիազորությունների ժամկետը պետք է ավարտվեր 2029 թվականին։




































