«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» ՔՀԿ-ից փոխանցած ուղերձում հայտարարել է, որ իշխող ուժն այլևս չունի ժողովրդի աջակցությունը և յուրաքանչյուր հաջորդ քայլ բախվելու է աճող դիմադրության։
«Մենք դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին, մինչ այդ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից և ամրացնենք մեր շարքերը` հաջորդ իսկ հնարավորությունից հաղթանակած դուրս գալու համար»,- նշվում է փաստաբանների միջոցով փոխանցված Չալաբյանի ուղերձում։
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի՝ ընտրությունների արդյունքները անփոփոխ թողնելու որոշմամբ իշխանությունը «մարտահրավեր է նետել ժողովրդի մեծամասնությանը»։
Չալաբյանը իշխանությանը մեղադրել է ժողովրդի քվեն «յուրացնելու» և «մանդատագողության հնարավոր և անհնարին բոլոր գործիքները» կիրառելու մեջ։
Նա կոչ է արել չընդունել իշխանության լեգիտիմությունը և իշխանություններին մեղադրել է թուրքամետ ու ադրբեջանամետ քաղաքականություն վարելու մեջ։
«Ի՞նչ է մնում մեզ՝ ժողովրդի մեծամասնությանը ներկայացնող ուժերին: Չընդունել այս վարչախմբի լեգիտիմությունը, համարել այն օտարի կողմից պարտադրված օկուպացիոն վարչակարգ, և բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով ձախողել մեր երկիրը թուրք-ադրբեջանական գերիշխանության տակ դնելու հետագա փորձերը»,- նշվում է ուղերձում։
Չալաբյանը 2 ամսով ձերբակալվել էր հունիսի 24-ին, նրան մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության հատկանիշներով։ Հոդվածի պատժաչափը նախատեսում է մինչև 6 տարվա ազատազրկում։


































