Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել են աղբավայրում՝ բրիտանական բանակի խոշորագույն զորամասից ոչ հեռու։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Sun on Sunday շաբաթաթերթին։
Փաստաթղթերը, որոնք պատահական անցորդի կողմից հայտնաբերվել են Անգլիայի Հյուսիսային Յորքշիր կոմսության Քեթերիկ կայազորից 4 կմ հեռավորության վրա գտնվող մունիցիպալ աղբավայրում, պարունակում էին տեղեկություններ զինծառայողների անձնական տվյալների, զենքի պահպանման, պահակախմբի հերթափոխի, անվտանգության կանոնների խախտումների և արտակարգ իրավիճակների արձագանքման արձանագրությունների վերաբերյալ։ Այս բազայում ընդհանուր առմամբ տեղակայված է 13 հազար զինվորական։
Թագավորական ռազմական ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի առնչությամբ։ Ինչպես հայտարարել է բրիտանական բանակի ներկայացուցիչը, նախնական տվյալներով՝ կորցրած փաստաթղթերում չի եղել «օպերատիվ պաշտպանության մասին գաղտնի տեղեկատվություն»։
Աղբյուր՝ The Sun, ՌԲԿ































