Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Սահմանադրության օրվա առթիվ՝ ընդգծելով Մայր օրենքը ժամանակի մարտահրավերներին համահունչ դարձնելու անհրաժեշտությունը։
Փաշինյանն իր ուղերձում հիշեցրել է, որ նոր Սահմանադրության ընդունումը ներառված է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձայների մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում:
Վարչապետի պնդմամբ՝ անկախությունից ի վեր Հայաստանում խախտված է իրավակարգի և ժողովրդի կամքի միջև օրգանական կապը, ինչի պատճառով պետությունը երկար ժամանակ չի ընկալվել որպես քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունն ապահովելու գործիք։
«Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում և էական է, թե ով և ինչպես է այդ կանոնները սահմանել։ Այս պայմանը մեր անկախությունից ի վեր էականորեն խախտված է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում»,- նշված է վարչապետի ուղերձում։
Վարչապետը շեշտել է, որ գործադիրն ու իշխող մեծամասնությունը 2024 թվականից որդեգրած քաղաքականությամբ զբաղված են այս բացը լրացնելով, ինչը ստացել է ժողովրդի վստահության քվեն 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրություններում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշել է, որ Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված ու կարծրացած փաստաթուղթ։
Ըստ նրա՝ Մայր օրենքը պետք է ներքին կենսունակություն ունենա՝ արձագանքելու հասարակական հարաբերությունների զարգացմանը, պետական կառավարման կատարելագործմանն ու փոփոխվող իրողություններին։
Խաչատուրյանն ընդգծել է, որ նման զարգացումը չի նշանակում հրաժարում հիմնարար սկզբունքներից ու պետության հիմնադիր արժեքներից, այլ հնարավորություն է տալիս դրանք ներդաշնակեցնել ժամանակի պահանջներին, փոխանցել է նախագահի աշխատակազմը։
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ Մայր օրենքը սեփական ապագայի նկատմամբ ժողովրդի հավաքական իրավաքաղաքական պատկերացումների, նպատակների և իղձերի իրավական մարմնավորումն է:
Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվան նվիրված ուղերձները հղվել են Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Երևանի և Բաքվի հայտարարությունների ֆոնին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2023 թվականից ի վեր ՀՀ սահմանադրության փոփոխությունը համարում է վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական պայմաններից մեկը, 2026 թվականի փետրվարին նա կրկնել է իր այդ պահանջը։ Ըստ Բաքվի՝ ՀՀ սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղումը խնդրահարույց է։
Զուգահեռ՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին սկսել էր բարձրաձայնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ Անկախության հռչակագրին հղումը կոնֆլիկտային է։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նախագծի տեքստը կհրապարակվի մարտին, որից հետո իշխանությունները մտադիր են սկսել իրազեկման արշավ, սակայն այն այդպես էլ չհրապարակվեց։ Հունիսի 10-ին նախարարը հայտարարել է, որ Սահմանադրության նոր նախագծի հրապարակման վերաբերյալ որոշումը կկայացվի առաջիկա շաբաթներին՝ չհստակեցնելով ճշգրիտ ժամկետը։
Միևնույն ժամանակ, ԶԼՄ-երը հունիսի 19-ին գրել էին, որ իշխող ուժն ԱԺ-ում զրկվել սահմանադրական մեծամասնությունից՝ արևմտյան միջնորդների միջոցով փորձում է համոզել Ալիևին հրաժարվել Սահմանադրությունը փոխելու պահանջից։






























