2025 թվականի վերջին Ադրբեջանը դարձել է Չեխիայի խոշորագույն նավթի մատակարարը՝ կազմելով հում նավթի ներմուծման ավելի քան 42%-ը, մինչդեռ Ռուսաստանը կորցրել է իր երկարատև առաջատար դիրքն այս շուկայում, հայտնում է České Noviny-ն։
Ռուսաստանի մասնաբաժինը նվազել է մինչև 7,7%՝ նախորդ տարվա 42%-ի և նախորդ տարիների ավելի քան 50%-ի համեմատ։ Ընդհանուր առմամբ, Չեխիան 2025 թվականին ներմուծել է ավելի քան 6,85 մլն տոննա նավթ, ինչը տարեկան 5,5%-ով ավելի է։ Ռուսաստանի մասնաբաժնի անկումը պայմանավորված է մարտ ամսին «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումների դադարեցմամբ, որը դեռևս չի վերսկսվել։
Մատակարարման ծավալներով երկրորդ տեղն զբաղեցրել է Նորվեգիան (մոտավորապես՝ 20%), որին հաջորդում է Ղազախստանը (18%)։ Սաուդյան Արաբիան նույնպես առաջին անգամ զգալի մատակարարումներ է ապահովել։
Մարտի 12-ին Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել էր, որ երկիրը ոչ մի դեպքում չի վերադառնա ռուսական էներգիայի գնմանը: Նա նշել էր, որ Չեխիան արդեն ամբողջությամբ նվազեցրել է իր կախվածությունը ռուսական մատակարարումներից և ինքնաբավ է հարավի և արևմուտքի աղբյուրներից ստացված էներգիայի առումով, որը բավարար է ներքին կարիքների համար:



































