Լիբանանն ու Իսրայելը մտադիր են շարունակել ուղիղ բանակցությունները Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Համաձայնությունը ձեռք է բերվել եռակողմ հանդիպումից հետո, ասվում է բանակցություններից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։
«Կողմերը համաձայնել են սկսել ուղիղ երկխոսություն ավելի ուշ որոշվելիք ժամկետում և վայրում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասնակցությամբ հանդիպումը Բեյրութի և Թել Ավիվի միջև առաջին շփումն էր 1993 թվականից ի վեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պետքարտուղարությունում կայացած խորհրդակցություններին երկու երկրների պատվիրակությունները գլխավորել են Վաշինգտոնում Լիբանանի և Իսրայելի դեսպաններ Նադա Համադեհ-Մուավադը և Եչիել Լեյթերը։
Փաստաթղթում ընդգծվում է Միացյալ Նահանգների աջակցությունը շարունակական երկխոսությանը և հույս են հայտնում, որ բանակցությունները կհասնեն 2024 թվականի համաձայնագրերից այն կողմ և կհանգեցնեն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Վաշինգտոնը նաև նշել է, որ հնարավոր առաջընթացը կարող է հիմք հանդիսանալ Լիբանանի վերակառուցման և տարածաշրջանում տնտեսական զարգացման լայնածավալ օգնության համար։
Իսրայելը, իր հերթին, հայտարարել է իր պատրաստակամության մասին մասնակցել ուղիղ բանակցություններին՝ բոլոր վիճելի հարցերը լուծելու և կայուն խաղաղության հասնելու համար, մինչդեռ Լիբանանը հայտարարել է 2024 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագիրը կատարելու անհրաժեշտության մասին և ընդգծել երկրի ինքնիշխանությունը հարգելու և մարդասիրական հարցերը լուծելու անհրաժեշտությունը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հանդիպումը որակել էր որպես «պատմական քայլ», որը բացում էր հետագա դեէսկալացիայի և երկու երկրների միջև բանակցությունների դուռը։




































