Գտնվելով Բաքվում՝ ավելի քան երբևէ «ոգեշնչված եմ «Ավրորա»-ի դափնեկիրներով», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի կապակցությամբ հայտարարել է նախաձեռնության համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը: Նա Բաքվի բանտից «Ավրորայի» համայնքին ուղերձը փոխանցել է կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով:
«Ոգեշնչված եմ «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին»,- ասված է Վարդանյանի ուղերձում:
Նա մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին խորին երախտագիտություն է հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացել են Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահել են իրեն և աջակցել իրենց առատաձեռնությամբ: Ըստ Վարդանյանի՝ հենց նրանց նվիրվածությունն է վառել այն կայծը, որն, ի վերջո, վերածվել է «Ավրորա» շարժման։
Նախաձեռնությունն սկիզբ է առել 2014 թվականին: Վարդանյանների ընտանիքն այն պլանավորել էր որպես ութ տարվա ճանապարհ՝ մինչև 2023 թվականը:
«Համավարակի պատճառով մեր նախանշած ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականը, երբ Երևանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին ու Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը՝ որպես երախտագիտության և հույսի խորհրդանիշ։ Այս իրադարձությունը դարձավ նաև հանգրվանային՝ ազդարարելով իմ ակտիվ մասնակցության ավարտը»,- շեշտել է Արցախի նախկին պետնախարարը։
«Ավրորայի» հիմքում դրված գաղափարը երախտագիտությունն է, հիշեցրել է Վարդանյանը՝ նախաձեռնությանը մաղթելով շարունանական հաջողություններ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:
«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ստանում է 1 միլիոն դոլար պարգև և նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ աջակցելու համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին ու կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Վարդանյանին Բաքվում մեղադրում են չորս տասնյակից ավելի հոդվածներով:






































