Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծին և հայտարարել, որ շարունակելու է ծրագրի դեմ ուղղված ստորագրահավաքը:
Մարությանը հիշեցրել է, որ փետրվարի 2-ից ուժի մեջ է մտնելու համակարգի ներդրման որոշումը, որն իրենից ենթադրում է տրանսպորտի թանկացում։
Նա հայտնել է, որ ինքն ու իր համակիրները հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, լինելու են «Երիտասարդական» մետրոյի մոտ և պատրաստ են հանդիպել քաղաքացիներին:
«Կսպասենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ուզում են միանալ ստորագրահավաքին ու կուզենան հանդես գալ առաջարկներով, մասնակցել քննարկումներին: Միասին կքննարկենք և կիրազեկենք մեր քաղաքացիներին` ինչպես պետք է կատարվի գործընթացը», – հայտնել է Մարությանը:
Նա նշել է, որ տրանսպորտային նոր համակարգի ներդրման դեմ ստորագրած 76 հազար մարդու անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի գրառման մեկնաբանությունների բաժնում հարց է հղել` փորձելով հասկանալ նրա կարծիքը բարեփոխումների վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել։
Մարությանը շեշտել է, որ որոշման պատասխանատուն Փաշինյանն է, քանի որ «առանց նրա համաձայնության ոչ մի կարևոր որոշում այս պետությունում չի իրականացվում»:
«Վարչապետը քաջատեղյակ է որոշմանը և բնականաբար դեմ չի արտահայտվել: Եթե նրանք փորձեն դա անել ժողովրդի համար բոլոր անհարմարությունների ու տառապանքների հաշվին, որ տեղի են ունենալու փետրվարի 1-ից` պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»,- հայտարարել է Մարությանը:
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Նոյեմբերի 3-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։ Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին ընդունել էր տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։