Ապրիլի 11-12-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որը միտված է վերջին տարիներին հայությանը ցնցած աննախընթաց տագնապներին և մարտահրավերներին դիմակայելուն, հայտնել է համադրող կազմը։
Ըստ հրապարակման՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի իշխանությունների կողմից հայկական ազգային շահերից՝ Հայոց ցեղասպանության և Արցախի թղթածրարներից հրաժարվելը (ինչի արդյունքն Արցախի բռնի հայաթափումն է), ինչպես նաև հայկական ինքնության դեմ ուղղված սպառնալիքներն ու ազգային հաստատությունների դեմ հարձակումներն աննախընթաց օրհասական իրադրություն են ստեղծել ամբողջ հայկական աշխարհի համար։
«Կայանալիք խորհրդաժողովի նպատակն է հավաքաբար քննարկել իրավիճակը, զորաշարժի ենթարկել Սփյուռքը՝ ձևավորելով միասնական ու նպատակաուղղված դիրքորոշում՝ ի պաշտպանություն և հզորացում Հայաստանի պետության, հայկական սփյուռքի և, առհասարակ, հայկական ազգային շահերի ու Հայ դատի»,- նշված է հրապարակման մեջ։
Խորհրդաժողովը համախմբելու է ավելի քան 25 երկրի շուրջ 150 ներկայացուցչի, այդ թվում՝ համայնքային առաջնորդների, կազմակերպությունների պատասխանատուների, հանրային-քաղաքական գործիչների, գիտնականների, մասնագետների, գործարարների և երիտասարդների, նշել են կազմակերպիչները։
Ավարտին խորհրդաժողովն աշխարհասփյուռ հայությանը կդիմի կոչ-հայտարարությամբ, որին կհաջորդեն քաղաքական, տեղեկատվական, համայնքային և այլ նախաձեռնություններ։



























