Դիլիջանի գործող թունելից 50 մետրի վրա կկառուցվի 70 միլիոն եվրո արժողությամբ նոր թունել, որի նախագծումն ավարտվել է, հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը։
Մրցույթը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի երկրորդ կեսին, իսկ աշխատանքներն սկսել 2027 թվականի երկրորդ կեսին։ Շինարարությունը կտևի մոտավորապես 4-4,5 տարի։
Ըստ հրապարակման՝ այն կանցնի գործող թունելին զուգահեռ, իսկ մուտքը կգտնվի գործող թունելից մոտավորապես 50 մետր հեռավորության վրա։ Գործարկումից հետո հին թունելը կվերածվի վթարային թունելի։ Երկու թունելն իրար կապող վթարային ելքեր կունենան։
Շինարարության մոտավոր արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։ Ֆինանսավորումը նախատեսվում է Ասիական զարգացման բանկի հետ կնքված նոր վարկային համաձայնագրի շրջանակներում։ Նախագիծը մշակվել է ավստրիական ընկերության կողմից։
Նոր թունելը լիովին կհամապատասխանի ԵՄ չափանիշներին։
Հաղորդվում է, որ Դիլիջանի թունելը, անվտանգության նկատառումներից ելնելով, վերանորոգման խիստ կարիք ունի, և դրա արդիականացումը կարժենար մինչև 63 միլիոն եվրո։ Բացի այդ, կպահանջեր երթևեկության լիակատար փակում և շրջանցիկ ճանապարհի վերակառուցում։
Նշենք, որ Դիլիջանի թունելի 2 ուղղությամբ օրական մոտավորապես 10 000 մեքենա է երթևեկում։



























