Ադրբեջանական գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը հիմա երջանիկ է, սակայն առողջական խնդիրներ ունի, չի կարողանում նորմալ քնել, Pastinfo-ի հետ զրույցում պատմել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքջյանը:
Նրա խոսքով՝ Վիգենի մի ականջը չի լսում, բացի այդ խնդիր ունի մեջքի հատվածում, չի կարողանում առանց կորսետի քայլել:
«Մեջքը, ականջներն են, երբ էյֆորիան անցնի, պիտի հասկանանք, թե ինչ խնդիրների առաջ ենք կանգնած»,- ասել է կինը՝ նշելով, որ նկատի ունի հոգեկան առողջությունը, որին կարող է հարված հասցված լինել գերության ընթացում:
Ըստ Լինդա Էուլջեքջյանի՝ ամուսինը փորձում է բնական երևալ, բայց մինչև հիմա չի կարողանում աչք փակել, քնել, իսկ երբ մենակ է լինում, լալիս է, քանի որ այդպես էլ չկարողացավ տեսնել մորն ու վերջին հրաժեշտը տալ նրան:
«Բայց հույս ունենք, որ այդ դժվարություններն էլ կհաղթահարի»,- նշել է նա:
Վերջինս պատմել է նաև, որ Էուլջեքջյանն ադրբեջանական գերության մեջ չորրորդ անգամ էր հացադուլ հայտարարել՝ պահանջելով հնարավորություն տալ մասնակցելու որդու հարսանիքին, սակայն ինքն այդ մասին տեղյակ չէր:
Էուլջեքջյանի փոխանցմամբ՝ ամուսինն սկզբում չի հավատացել ազատ արձակման լուրին. «Մտածել է՝ հնարավոր է, որ իրեն խաբում են՝ հացադուլից դուրս բերելու համար։ Նրան բացատրել են, որ պետք է սնվի, որպեսզի կարողանա դիմանալ, նրան ասել են, որ պետք է ուտես, որպեսզի կարողանաս դուրս գալ: Ասել է՝ մինչև չհասնեմ Երևան, չեմ հավատա, որ ազատ եմ»։
Լինդա Էուլջեքջյանը հավելել է, որ բոլոր մեղադրանքներն ու վճիռներն անարդար էին, և ամբողջ աշխարհը դա գիտի:
Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին էր վերադարձրել չորս գերու՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։






































