Բաքվում հայ գերիների նկատմամբ շարունակվող ապօրինի դատավարությանը տարբեր նյութեր են ընթերցվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ դրանց՝ ներկայացվել են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի և մյուսների մասնակցությամբ հարցազրույցներ, առցանց ռեսուրսներում հրապարակված տեղեկություններ։
Նշվում է, որ Մնացականյանը, Իշխանյանը և Բաբայանն անհամաձայնություն են հայտնել ընթերցված թղթերի վերաբերյալ։
Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 20-ին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակի փակման մասին։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ գերիների շրջանում գրանցվել էին ինքնասպանության փորձեր։ Հարազատներն այս մասին տեղեկություններ էին ստացել հազվադեպ հեռախոսազանգերի միջոցով։ Միջազգային կազմակերպություններին սեպտեմբերի սկզբից ի վեր թույլ չի տրվում այցելել գերիներին։






































