Ռուսաստանի Ուրալի շրջանում փակվել է Հայաստանի հյուպատոսությունը, հայտնել է Ura.ru-ն։
«Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի կարգավիճակի կասեցման կապակցությամբ ստիպված ենք տեղեկացնել գրասենյակի փակման մասին: Յոթ տարվա ընթացքում մեզ դիմել է ավելի քան 57 հազար քաղաքացի»,- ասված է հայտարարության մեջ։
Քաղաքացիներին խորհուրդ են տվել դիմել Ռուսաստանում Հայաստանի հյուպատոսական այլ հիմնարկներ։
Որոշմանը նախորդել էր հուլիսի վերջին Սպարտակյանին պատվո հյուպատոսի պաշտոնից ազատելն այն բանից հետո, երբ նա հրապարակավ սատարել էր Հայ Առաքելական եկեղեցուն:
«Հայ Առաքելական եկեղեցու դեմ ցանկացած գործողություն, որպես համայն հայության հոգևոր միասնության կարևոր հիմք, անթույլատրելի եմ համարում»,- հայտարարել էր Սպարտակյանը:
Մայիսի 29-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։ Այնուհետև վարչապետն առաջարկել էր կաթողիկոսի հեռացման ծրագիրը նախ սկսել Վեհարանը նրանից «ազատելով», ապա՝ տեղապահ նշանակել որևէ ամուսնացյալ բարեվարք քահանայի, որը չի կարող հավակնել կաթողիկոսի գահին։





































