Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է նրա երկու համածառայակից, հայտնել են Քննչական կոմիտեից։
Գերատեսչության տվյալներով՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի (քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով) և շարքային զինծառայողի (նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով) նկատմամբ։ Երկուսն էլ մեղադրվում են զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ։
Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը (օրինակ՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով) պատժվում է ազատազրկմամբ՝ 5-ից 12 տարի ժամկետով։
Թորոսյանի գործով երկու ձերբակալվածի մասին ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը։ Նախնական տվյալներով, ըստ թերթի, զինվորին ծեծի են ենթարկել, որից հետո նա ինքնասպանություն է գործել։






































