Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը, հաղորդել են, որ Մակրոնն «արտահայտել է իր երկրի համերաշխությունն Ադրբեջանին և աջակցությունը՝ ի պատասխան Իրանի կողմից Ադրբեջանի վրա օդային հարվածի»։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ֆրանսիայի քաղաքացիների՝ Իրանից Ադրբեջանի միջոցով տարհանմանը նպաստելու համար։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումը և Փարիզի ու Բաքվի միջև երկկողմ հարաբերությունների վերականգնումը։
Ադրբեջանական լրատվամիջոցները մարտի 5-ին հայտնել էին, որ Նախիջևանում ընկել է 2 ԱԹՍ, որոնք, ենթադրաբար, արձակվել էին Իրանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել պատասխան գործողությունների։
Թեհրանն, իր հերթին, մեղադրել էր Իսրայելին։ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին դադարեցնել բեռնատարների երթևեկությունն Իրանի սահմանին և 12 ժամով փակել էին օդային տարածքի մի մասը։ Մարտի 6-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ որոշել է ամբողջությամբ դուրս բերել Թեհրանում գտնվող դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության անձնակազմը։ Մարտի 7-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից պլանավորված «ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքագրման» կանխման մասին։




























