Մերձավոր Արևելքի հայ համայնքները մարդկային կորուստներ չեն կրել վերջին տարածաշրջանային զարգացումների ընթացքում, արձանագրվել են միայն չնչին նյութական վնասներ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին հայտնել են համայնքների ներկայացուցիչները:
Վեհափառը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել թեհրանաբնակ Հովսեփ Ավետյանի հետ, ով անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Իրանի հայ համայնքի վիճակի մասին: Իրանահայը նշել է, որ թեմական ու համայնքային պատասխանատուները հետևում են իրավիճակի զարգացումներին, երիտասարդական խմբերը շրջում են հայկական թաղամասերում։
Արամ Ա-ն զրուցել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Քուվեյթի թեմական և համայնքային պատասխանատուների հետ: Բոլոր շրջաններից ստացված տեղեկությունները վկայում են, որ հայ համայնքները մարդկային կորուստներ և նյութական վնասներ չեն կրել, նշում են կաթողիկոսությունից:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը։
Մերձավոր Արևելքի երկրներում մի շարք հայ զբոսաշրջիկներ են մնացել, թռիչքների մեծ մասը չեղարկվել է: Այսօր Օմանից վերջին օրերի երկրորդ թռիչքն էր ժամանել Երևան՝ 115 ուղևորով:



























