«Արթուն ենք» քաղաքացիական շարժումն այսօր Ազգային ժողովի 107 պատգամավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ գործընթաց սկսելու գրություն է փոխանցել։ Նրանք գրությունները ոչ թե առձեռն, այլ հատուկ արկղի մեջ են գցել։
Նախաձեռնության անդամ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը լրագրողներին ասել է, որ «հնարավոր է Փաշինյանին այդ ճանապարհով հեռացնել»։ Նա հստակեցրել է, որ նամակներն ուղված են ոչ թե խմբակցություններին, այլ անվանապես օրենսդիրի բոլոր անդամներին։
Նախաձեռնությունը, սակայն, վարչապետի թեկնածու չունի։
«Նամակը ներառում է Փաշինյանին իմփիչմենթ հայտարարելու ԱԺ նախագծի տեքստը, բայց բաց է թողնված տողը, որտեղ պետք է գրված լինի առաջարկվող վարչապետի թեկնածուի անունը»,- նշել է Ղազարյանը՝ ընդգծելով, որ վարչապետի թեկնածուին պետք է առաջարկեն պատգամավորները։
Նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը հայտնել է, որ մտադիր են Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով հանդիպել ՀՀ երեք նախկին նախագահներին՝ Լևոն Տեր- Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Նախատեսում են նաև քաղաքական խորհրդակցություններ արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների հետ։
Միևնույն ժամանակ՝ Մալյանը հավելել է, որ «այս պահի դրությամբ Փաշինյանի նկատմամբ իմփիչմենթ սկսելու գործընթացին կողմ չէ միայն ինքը՝ Փաշինյանը, և Քոչարյանը (ՀՀ երկրորդ նախագահ-խմբ․)»։ Մալյանի կարծիքով՝ «երրորդ կողմ չկա», որը դեմ կլինի Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելուն։
Հարցին՝ ի՞նչ քայլեր են իրականացնելու, եթե իմփիչմենթի նախաձեռնությունը կյանքի չկոչվի, Ղազարյանը պատասխանել է, որ «իրավիճակից բխող քաղաքական հայտարարութուններ և գործողություններ են իրականացնելու»։
«Եթե պատգամավորները չցանկանան տեղից շարժվել, հանրությունը պետք է իրավիճակը վերցնի իր ձեռքը»,- հավելել է Մալյանը։
ՀՀԿ առաջնորդը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հայտարարել էր, որ Փաշինյանին հեռացնելու ծրագիր կա: Այլ մանրամասներ, սակայն, ո՛չ նա, ո՛չ իր թիմակիցները չէին հայտնել: