«Մեր ձևով» շարժումը կդիմի փողոցային պայքարի, եթե սպառվեն բոլոր սահմանադրական և օրենսդրական գործիքները, հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Երբ տեսնենք, որ գործիքները վերջացել են, երևանյան փողոցն իր խոսքն ասելու է։ Մեր կարծիքով՝ ունենք սահմանադրական մի քանի գործիքակազմ, որը կարող ենք օգտագործել այս պրոցեսում»,- ասել է նա դատարանի շենքի մոտ լրագրողների հետ հարցազրույցում, որտեղ ընթանում է շարժման հիմնադիր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի դատավարությունը։
Շարժման համակարգողն այդ գործիքներից նշել է ընտրական գործընթացները։ Նա հավելել է, որ հանրային բողոքը կառավարության գործունեության նկատմամբ աճում է։
«Իրադրությունը հիմա և 5 տարի առաջ արմատապես փոխվել է, մարդիկ ճանաչել են իշխանությանը։ Երկու տարվա իշխած իշխանությանը 2021 թվականին դեռ չէին հասցրել ճանաչել, հիմա ճանաչում են»,- նշել է Կարապետյանը։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Նա չի ընդունում մեղադրանքը՝ այն որակելով քաղաքական:
Մանրամասները՝ տեսանյութում։





































