«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրաժարվել է իմփիչմենթի շրջանակում վարչապետի թեկնածությունից՝ հօգուտ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի։ Նա այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով՝ քննարկում է ունեցել ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի հետ և պատրաստակամություն է հայտնել հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իր թեկնածությունն առաջադրելուց։ Նա նաև նշել է, որ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են զուգահեռաբար առաջադրել Աջապահյանի թեկնածությունը նրա համաձայնության դեպքում։
«Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։ Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»,- հորդորել է նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Ասլանյանն ու Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին Մարուքյանի թեկնածությունը և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան»-ը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել: Ավելի ուշ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իմփիչմենթի գործընթացի շրջանակներում Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին առաջադրել էր վարչապետի պաշտոնի թեկնածու։ Համբարձումյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ է։


























