«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Գալստանյանն ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել, որով հերքել է իր կողմից ՔԿ ձայնագրության իսկությունը հաստատելու մասին տեղեկությունը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից հայտարարել էին, թե իբր սրբազանը դատական նիստին ընդունել է ձայնագրությունների իրական լինելը:
«Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ ՔՊ պատգամավորները սուտ լուրեր են տարածում, իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ չարիքի իշխանության տարածած ձայնագրությունների իսկությունը։ Ստի ու կեղծիքի իշխանությունը չի կարող այլ բան անել, քան սուտ ու կեղծիք տարածելը։ Բայց, ինչպես արդեն ասացի, ստի վերջը մոտ է։ Ամեն բան լավ է լինելու»,- գրել է նա։
Գալստանյանը շեշտել է, որ ապրում է կյանքի ամենաերջանիկ օրերը, որ քանի որ չկա ավելի երջանիկ բան, քան սեփական հայրենիքի համար հալածվելը։
«Ստի և կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել, քան հալածել, լռեցնել բոլոր նրանց, ովքեր ճշմարտության և արդարության ճանապարհի մարտիկներ են, ում համար թանկ է Հայրենիքը, սեփական պետությունը և պատիվը։ Չկա ավելի քաղցր երևույթ, քան հալածվել Հայրենիքի և պատվի համար։ Պատիվ է մեզ անցնել այս ճանապարհը»,- նշել է նա։
Շարժման առաջնորդն իր աջակիցներին հորդորել է չհիասթափվել պայքարից։
«Չտրտմե՛ք, չընկճվե՛ք, չկասկածե՛ք և չտատամե՛ք. իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է, և մենք կերտելու ենք մեր կյանքի նոր արշալույսը»,- հավելել է նա։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում։ Այն հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա, որն ըստ կայքի՝ «Հեղաշրջման պլան» էր։ Քննչական կոմիտեն հայտնել էր գործողությունների մասին։
Իրավապահներն, ընդհանուր առմամբ, 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։





































