ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստություն է հայտնել ԵՄ-Վրաստան հարաբերությունների լարվածության շուրջ՝ նշելով, որ իրադրությունը պետք է լուծվի։ Նա այս մասին հայտարարել է մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձի խոսքերն այն մասին, որ Բրյուսելից փորձում են Հայաստանի և Վրաստանի միջև «սեպ խրել»։
«Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարցում Վրաստանն ունի շատ էական և առանցքային դեր։ Մենք շատ անհանգստացած ենք այդ իրադրությամբ։ Կարծում ենք, որ իրադրությունը պետք է լուծվի»,- նշել է նա։
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունները կախված չեն երրորդ կողմերից։
«Բնականաբար, այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ, պատմական և շարունակելու են եղբայրական մնալ։ Այլ սցենար չի կարող լինել»,- նշել է Փաշինյանը։
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը ՀՀ-ում հայտարարել էր, որ Հայաստանը կապահովի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա տանող ամենակարճ ճանապարհը։ Նա նշել էր, որ այդ երթուղին նախկինում փակ էր, բայց հիմա, «ՀՀ-ի համարձակ որոշման» շնորհիվ, իրավիճակը փոխվել է։
Կոբախիձեն հայտարարել էր, որ Բրյուսելի՝ Հայաստանի և Վրաստանի միջև «սեպ խրելու» փորձերը կձախողվեն։




































