Մարտի 1-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը քննարկել է Իրանում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների, ռազմական գործողությունների հարցը, հայտնել են ՀՀ կառավարությունից։
Նիստին, որը կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել Իրանում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։
Կառավարությւոնից հավելել են, որ նիստի արդյունքներով վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։
«Նիստի մասնակիցները խորն ափսոսանք են հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր Իրանի տարածքում «կանխարգելիչ» հարվածների մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:






































