ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի նախօրեին «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կոչ է արել նրան միջամտել Հայաստանում և Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների իրավիճակին և նպաստել արցախահայերի անվտանգ վերադարձին։
Իր հայտարարության մեջ արքեպիսկոպոսը նշել է, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ջանքերին, կայուն կարգավորումն անհնար է առանց հայ ժողովրդի և նրա հիմնական ինստիտուտների պահպանման։ Նրա խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցին այսօր հարձակման տակ է, և որ այն պաշտպանում է հայկական ինքնությունը։
Գալստանյանն ընդգծել է, որ տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի ընթացքում Վենսը կարող է նպաստել «իսկապես պատմական և երկարատև խաղաղության»՝ ապահովելով Երևանում և Բաքվում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը և ստանալով երաշխիքներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 150 000 հայ քրիստոնյաների անվտանգ վերադարձի համար՝ նրանց հիմնարար մարդկային իրավունքների լիարժեք պահպանմամբ։
Արքեպիսկոպոսը մատնանշել է Հայ Առաքելական եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների կողմից գործադրվող ճնշումները և նշել, որ կառավարության գործողությունները նպատակ ունեն եկեղեցուն ենթակա դարձնել պետությանը և թուլացնել նրա դերը՝ որպես հայկական ինքնությունը և արցախահայերի իրավունքները պաշտպանող ինստիտուտ։
Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում եկեղեցին որակվում է որպես «խաղաղության խոչընդոտ», մինչդեռ 1700 տարի շարունակ այն մնացել է հայ ժողովրդի պահպանման և միասնության կարևոր գործոն։
Հայկական բարեգործական կազմակերպությունները փետրվարի 6-ին դիմել էին Վենսին՝ Բաքվում պահվող գերիների ազատ արձակմանն աջակցելու համար։ Գերիներին հարցով ԱՄՆ փոխնախագահին էին դիմել նաև Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա-ն, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, երկու տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպություններ։ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել էր բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատումը, որոնց Բաքուն երկարատև, որոշ դեպքերում ցմահ ազատազրկման էր դատապարտել:






































