Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին՝ վարչապետի աշխատակազմի ծախսերի աճի վերաբերյալ արված մեկնաբանությանը։
Անդրադառնալով մի շարք եվրոպական երկրների թագավորական ընտանիքների ծախսերի հետ վարչապետի աշխատակազմի ծախսերի մասին Կարապետյանի համեմատությանը՝ Հարությունյանը նշել է, որ թագավորական ընտանիքների, օրինակ՝ Դանիայի բյուջեն չի ներառում տեսչական մարմինների, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի, Անվտանգության խորհրդի և այլ նմանատիպ ծախսերը։
Հարությունյանը «սուտ» է համարել վարչապետի աշխատակազմի ծախսերի քառապատկման մասին պնդումը։ Նա նշել է, որ 2010 թվականին այդ ծախսերը կազմել էին 29 մլրդ դրամ, իսկ 2026 թվականին վարչապետի աշխատակազմի և նախագահի աշխատակազմի համակցված բյուջեները կկազմեն մոտավորապես 27 մլրդ դրամ (ավելի քան 70 մլն դոլար՝ ներկայիս փոխարժեքով - խմբ․):
Կարապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քառապատկել է վարչապետի աշխատակազմի ծախսերը՝ հասցնելով դրանք 65 մլն դոլարի։ Շարժման համակարգողի խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Դանիայի թագավորական ընտանիքների համակցված ծախսերը։ Կարապետյանը նաև առաջարկել էր այդ գումարներն ավելի արդյունավետ եղանակով ծախսել։






































