ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի ակցիա իրականացրեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև: Միջոցառման նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների վրա։
Ակցիայի մասնակիցները պաշտոնական նամակ ներկայացրին ՄԱԿ-ի գրասենյակ՝ պահանջելով ստեղծել գերության մեջ պահվող Հայաստանի քաղաքացիների հարցերով զբաղվող հանձնաժողով՝ հաշվի առնելով, որ Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո Ադրբեջանում նրանց մասին տեղեկությունները կցկտուր են։
Ակցիայի մասնակիցները գրասենյակ էին եկել պաշտոնապես երկկողմանի հաստատված պատանդների լուսանկարներով, որոնց վրա գրված էր՝ «Ազատությո՛ւն հայ գերիներին»։ Մասնակիցները վանկարկում էին՝ «Ազատությո՜ւն»։
Կազմակերպիչները հայտարարեցին, որ նման միջոցառումները շարունակական կլինեն մինչև միջազգային կազմակերպությունները միջոցներ ձեռնարկեն մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու և ռազմագերիներին ազատ արձակելու համար։ Սակայն ուղերձը միայն միջազգային կազմակերպություններին չէ ուղղված, այլև ՀՀ իշխանություններին, որոնք բավարար ջանքեր չեն գործադրում հարցի լուծման համար։
ՀՅԴ Նիկոլ Աղբալյանի անվան ուսանողական միության Վահան Հովհաննիսյանի անվան ազգային քաղաքական դպրոցի ղեկավար Տարոն Ղազարյանն Armenia Today-ին ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օգոստոսի 8-ին կայացած բանակցությունների ժամանակ, երբ վերջինս փորձել է բարձրացնել հայ ռազմագերիների հարցը, Փաշինյանը խոչընդոտել է քննարկումը՝ փոխելով խոսակցության թեման։
Ղազարյանի խոսքով՝ կարծես թե ՀՀ իշխանությունները, այդ թվում՝ վարչապետը, ջանքեր են գործադրում ապահովելու, որ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնա կալանքի տակ։ Նա ընդգծեց, որ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում ռազմագերիների վերադարձի հարցը լուծելու համար։
«Ունեմ տպավորություն, որ ՀՀ իշխանությունները փորձում են ամեն բան անել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պահվի Բաքվի բանտերում։ Խոշոր դերակատար պետությունների հետ շփումներում պարզապես բարձրաձայնել այս հարցերը, և ինչպես Ադրբեջանը կարգավորման խնդրում բազմաթիվ նախապայմաններ է առաջ քաշել, առնվազն մեր փոքր նախապայմանը կարող էր լինել ռազմագերիների ազատ արձակումը»,- նշեց Ղազարյանը։
Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:

























