Հայկական պետական մանկավարժական համալսարանի դեպքով բոլոր մեղադրյալների պաշտոնավարումը կասեցված է, լրագրողներին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ այժմ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իրավիճակի վերլուծության փուլում է և տարբեր հարցեր է դիտարկում։
«Այսօր հոգաբարձուների խորհրդի նիստ ունենք, որի ժամանակ քննարկելու ենք այն տվյալները, որոնք պաշտոնակատարը հասցրել է վերլուծել, որպեսզի տեսնենք, թե ինչ հարցերի շուրջ որոշումներ կայացնելու կարիք կա խորհրդի կողմից»,- տեղեկացրել է նա։
Նախարարը մանրամասնել է, որ թեև խորհուրդը գործադիր ֆունկցիաներ չունի, բայց այս փուլում ավելի ակտիվորեն կներգրավվեն մոնիթորինգի շրջանակներում, որպեսզի վստահ լինեն, որ բուհում գործընթացները ճիշտ են ընթանում։
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, ինչպես նաև համալսարանի մի շարք աշխատակիցներ։
Դատարանը Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր տնային կալանք և 20 մլն դրամի գրավ։ Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կասեցրել էր ռեկտորի լիազորությունները:




































