Լոռու մարզի բնակիչ Գագիկ Է.-ն ահազանգել է, որ Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը հարձակվել է իր վրա, հարվածել և հայհոյել, հայտնում է Shamshyan.com-ը:
34-ամյա քաղաքացին, ըստ լրատվամիջոցի, ոստիկանություն է դիմել հոկտեմբերի 16-ին, պատմել, որ իրենք ջրի խնդիր ունեն, ինչի համար բողոքել է, սակայն դրական արդյունք չի արձանագրվել։ Գագիկ Է.-ն հայտնել է, որ կնոջ հետ խնդրին ծանոթանալու համար այցելել է Սպիտակի քաղաքապետարան, այնտեղ հանդիպած Նիկողոսյանին ցանկացել է տեղեկացնել խնդրի մասին, ինչից հետո «քաղաքապետը հարձակվել է իր վրա և հնչեցրել հայհոյանքներ»։
Ոստիկանության Սպիտակի բաժնում քաղաքացին պնդել է, որ քաղաքապետը վիճաբանության ընթացքում 3 անգամ ոտքով հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նաև կրկին հայհոյել:
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում ֆիզիկական ներգործություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։




































