Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարանը հետախուզում է հայտարարել «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվոյի» տարածաշրջանային գրասենյակների նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի նկատմամբ, որը մեղադրվում է մաքսային վճարումներից խուսափելու մեջ, հայտնում է ՌԲԿ-ն։
Նշվում է, որ Ավագյանը փախել է դատարանից։ Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինների աղբյուրը ՌԲԿ-ին հայտնել է, որ Ավագյանն այժմ թաքնվում է Վասիլևսկի կղզու Բոլշոյ պողոտայում գտնվող հայկական հյուպատոսարանում։ Տեղական դատախազությունը պահանջում է նրան արտահանձնել։
Ավագյանի և մի քանի այլ անձանց դեմ գործը քննվում է 2024 թվականի ապրիլից։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավված է 21 մարդ։
Օգոստոսի 22-ին նա պայմանագիր էր կնքել Պաշտպանության նախարարության հետ։ Նրա գործը կասեցվել էր, իսկ Ավագյանն ազատ էր արձակվել։ Այսօր գործը վերաբացելու մասին միջնորդություն է ներկայացվել՝ պայմանագրի դադարեցման և Ավագյանի՝ մարտական գործողությունների վայր մեկնելուց հրաժարվելու պատճառով։ Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։ Այդ ժամանակ Ավագյանը դուրս է եկել դատարանից և անհետացել։ Դատարանը որոշել է վերաբացել գործը և ձերբակալել նրան։
Ավագյանը «Փաստ»-ին հայտնել է, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունում։ Նա ասել է, որ ցանկանում է արտահանձնվել Հայաստան, որտեղ նրան որոնում են սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։
Ավագյանը և մի քանի այլ անձինք մեղադրվում են ավելի քան 4,2 մլրդ ռուբլի ընդհանուր մաքսատուրքերից խուսափելու մեջ։ Գործը վերաբերում է 2014-2015 թվականներին Ռուսաստան կենցաղային ապրանքների ներմուծմանը՝ ավելի էժան շինանյութերի անվան տակ։
Նախկին պաշտոնյան առաջին անգամ Մոսկվայում ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսին՝ մաքսանենգության համար։ Այնուհետև նա տնային կալանքի տակ էր հայտնվել, սակայն փախել էր Հայաստան և բողոքել Ռուսաստանի քննչական կոմիտեին՝ անհիմն հետապնդման մասին։ ՌԲԿ-ի-ի աղբյուրը հայտնել է, որ, ի վերջո, նրան հետապնդելու հիմքեր չեն հայտնաբերվել։ 2018 թվականի ամռանը Ավագյանը դիմել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ Հայաստանում իր քաղաքական կարիերայի պատճառով։
Ավագյանն զբաղեցրել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցչի և ԼՂՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնները (վերջին պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 2021 թվականի ապրիլ)։ 2022 թվականի փետրվարին ՀՀ ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Ավագյանի նկատմամբ՝ փողերի լվացման գործով։






































