Բլոգեր Արսեն Մարգարյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ նացիզմի հոդվածով, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Հունվարին Մոսկվայի դատախազությունը պահանջել էր քրեական գործ հարուցել բլոգերի դեմ։ Վերահսկող մարմինը հայտնել է Մարգարյանի հետ հարցազրույցի մասին, որում նա «հստակ դիրքորոշում է արտահայտել ահաբեկչության գաղափարախոսության և իրագործման ճմշարտացիության վերաբերյալ, Ռուսաստանի տարածքում և նրա քաղաքացիների դեմ անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական գործունեություն ծավալելու հրապարակային կոչեր է արել», որից հետո բլոգերի նկատմամբ նախաքննական ստուգում է սկսվել, նշել են իրավապահ մարմինները։
Ավելի վաղ Telegram-ի «Զգուշացե՛ք, լուրեր» ալիքը հայտնել էր, որ ստուգման պատճառը Մարգարյանի հարցազրույցն է բլոգեր Դմիտրի Լարինի հետ։ Այնտեղ Մարգարյանը քննարկել էր ուկրաինական բանակին նվիրատվությունները, արևմտյան երկրների կողմից Ուկրաինային հատկացվող գումարները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի օգտագործման հնարավորությունը։ Հարցազրույցը հրապարակվել էր դեռևս 2024 թվականի ապրիլին։
2024 թվականին Երևանում նրա դասախոսությունները չեղարկվել էին հանրային դժգոհություններից հետո․ ակտիվիստները հիշեցրել էին բլոգերի սեքսիստական և հակահայկական հայտարարությունները։
Մարգարյանը ներկայանում է որպես մարզիչ և վաճառում է ինքնազարգացման առցանց դասընթացներ։ Նա խոսում է տղամարդկանց գերազանցության, տղամարդկանց վրա կանանց ազդեցության մասին։ Telegram-ում ունի ավելի քան 179 հազար բաժանորդ, YouTube-ում՝ ավելի քան 200 հազար։



























