«Ուժեղ Հայաստանի» բերման ենթարկված կամ ձերբակալված համակիրների թիվն արդեն անցնում է 300-ը, հայտնել է դաշինքի անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը՝ սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսանյությում։
Մելոյանի խոսքով՝ դաշինքն ամենօրյա ռեժիմով Երևանում և մարզերում քարոզչություն և իրազեկում է իրականացնում, և այդ ընթացքում իրենց համակիրները հարգալից վերաբերմունք են դրսևորում այլ ուժերի աջակիցների նկատմամբ։
Իրավապաշտպանը նշել է նաև, որ «Ուժեղ Հայաստան»-ի և մյուս ընդդիմադիրների ձերբակալություններն իշխող ուժի վարկանիշի համար հակառակ արդյունքն են ունենալու։
«Մարդիկ ահաբեկվելու փոխարեն ավելի են ոգեշնչվում և միանում մեր պայքարին․ այդ 300-ը շուտով կդառնա 3000, 30 000 և ավելի»,- նշել է դաշինքի անդամը։
Այս համատեքստում նա մանրամասներ է ներակայացրել Լոռու մարզի Մեծավան համայնքում «Քաղաքացաիական պայմանագիր» կուսակցության և «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրների մասնակցությամբ մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպից, որի հետևանքով դաշինքի 10 համակիր էր ձերբակալվել։
Իրավապաշտպանը նշել է, որ այն պահին, երբ իրենց համակիրները՝ տարբերանշաններով և խմբավորված ձևով, իրականացնում էին իրենց ամենօրյա իրազեկման ակցիան, նույն հատվածով անցնող ՔՊ ներկայացուցիչները՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջնորդությամբ, ունենալով այլընտրանքային ճանապարհ, «մխրճվել» էին բազմության մեջ՝ փորձելով սադրել դաշինքի համակիրներին։ Մելոյանը շեշտել է, որ իրենց համակիրները շարունակել են խաղաղ կանգնած մնալ և որևէ կերպ չեն տրվել այդ սադրանքներին։
Միջադեպի կադրերից երևում է, թե ինչպես են «Ուժեղ Հայաստան»-ի կողմնակիցները, դրոշներ պարզած, վանկարկում`«Սամվել Կարապետյան, վարչապետ»։ Այնուհետև դեպքի վայր է ժամանում ՔՊ կուսակցության աջակիցների ավտոշարասյունը։ Մի քանի պտույտ կատարելուց հետո մեքենաներն ուղղվում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածուի համակիրների կողմը և փորձում ճեղքել նրանց կազմած շղթան։ Դրան հաջորդում է Պապիկյանի՝ ոստիկանությանն ուղղված հորդորը՝ կարգուկանոն հաստատելու պահանջով, ինչից հետո իշխող ուժի աջակիցների շարասյունը կրկին շարժվում է Կարապետյանի համակիրների ուղղությամբ և բախվելով՝ ճեղքում նրանց շարքերը։
Մելոյանն անօրինական է որակել Մեծավան համայնքում դաշինքի 10 աջակիցների ձերբակալությունը և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակել։ Նա ներկայացրել է առկա տեսանյութերը՝ ընդգծելով, որ դրանք վկայում են քրեական գործ հարուցելու իրավական հիմքերի բացակայության մասին։
Նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով քաղաքացիների ձերբակալման մասին Armenia Today-ին հայտնել էր ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ չհստակեցնելով գործի այլ մանրամասներ։
Դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը մայիսի 16-ին քննադատել էր ուժային կառույցների և անձամբ Պապիկյանի գործողությունները։ Նա հայտարարել էր, որ ցավում է Պաշտպանության նախարարի պահվածքի համար։ Պապիկյանը, պատասխանելով Կարապետյանին, «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներին սադրանքի մեջ էր մեղադրել և սպառնացել, որ եթե «այդ դեպքերը կրկնվեն, իրենք կշարունակեն տրորելով անցնել ընդդիմադիրների վրայով»։





































