Ազգային ժողովն ընդունել է օնլայն խաղերի համար նախատեսված սահմանափակումների նախագիծը։ Այն ընդունվել է 86 կողմ, 0 դեմ ձայներով։
Օրինագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Նա, մասնավորապես, առաջարկել էր, որ խաղային կայքերում և հավելվածներում պետք է գործի ինքաարգելափակման կոճակ, որպեսզի քաղաքացիները ցանկության դեպքում կարողանան փակել իրենց մուտքը խաղերին՝ խուսափելով ֆինանսական կորուստներից։
Միաժամանակ՝ առաջարկել էր սահմանափակել որոշ խմբերի մասնակցությունն օնլայն խաղերին․ օրինակ՝ միայն թոշակ ստացող կամ նպաստառու քաղաքացիները չեն կարողանա խաղալ։ Նախագծով նաև նախատեսվում է, որ քաղաքացիները չեն կարողանա խաղերի արդյունքում կորցնել իրենց եկամուտի 20%-ից ավելին։
Փոփոխությունների նպատակը, ըստ հեղինակի, խաղամոլության, պարտքերի և դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրների նվազեցումն է։
2024-ին ընդունվել էր օրենք, ըստ որի՝ նպաստառուները, զինվորականներն ու 21-ը չբոլորածները չեն կարողանա շահումով խաղեր կամ մոլեխաղեր խաղալ։ Ապրիլին կառավարությունը դրական եզրակացություն էր տվել նախագծին։






































