Դատարանը փետրվարի 23-ի նիստում վերացրեց «Սրբազան պայքարի» գործով անցնողներ Արմեն Ալեքսանյանի և Մովսես Շարբաթյանի տնային կալանքները։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն, որի ընթացքում շաբաթը երկու անգամ նրանք պարտավոր են ներկայանալ բնակության վայրի պրոբացիայի ծառայություն, գրանցվել այնտեղ, առանց վարույթն իրականացնող մարմնի չփոխել բնակավայրը։
Բացի այդ, ժամը 22։00-ից մինչև առավոտյան ժամը 8։00-ն արգելվել է բացակայել բնակության վայրից, հաղորդակցվել վարույթի մասնակիցների հետ՝ բացառությամբ պաշտպանների, ինչպես նաև այցելել զվարճանքի և այլ մարդաշատ վայրեր։
ԱԱԾ-ն 2025-ի հունիսի 25-ին խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, այդ թվում շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:
Նյութը թարմացվել է 15։44-ին։



























