ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, 2009-ին դատապարտվել է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեղադրանքով։ Տեղեկությունն ստանում ենք Datalex համակարգից։
Ըստ տվյալների՝ քրեական գործը հարուցվել էր Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով)։ Ըստ դատարանի վճռի՝ մեղադրյալները բնակարան վաճառելու պատրվակով խաբեությամբ հափշտակել էին տուժողի գումարները նախնական համաձայնությամբ։ Կոնջորյանն ընդունել է մեղքը։
Դատական գործի համաձայն՝ ՔՕ 70 հոդվածի (քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանքները) կիրառմամբ Կոնջորյանի նկատմամբ կիրառված 3,5 տարվա կալանքը նշանակվել էր պայմանական և ամբաստանյալին դատարանից ազատ էին արձակել։
«Հետք»-ն ավելի վաղ գրել էր, որ Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք էր բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից, որի աշխատակիցը պարզաբանել էր, որ առանձնատունը ձեռք բերելու համար անհրաժեշտ էր 75 մլն 600 հազար դրամ։ Ըստ լրատվականի՝ դա 21 մլն 600 հազար դրամով ավելի է, քան նշված է Կոնջորյանի հայտարարագրում։ Կայքը նշել էր, որ պատգամավորի հայտարարագրած 54 մլն դրամը պատահական թիվ չէ։ Համաձայն Հարկային օրենսգրքի՝ վճարված եկամտային հարկը հնարավոր է հետ ստանալ, եթե անշարժ գույք ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը։



































